Բրյուսովի ռեկտորի պաշտոնակատարն արձակել է կարգապահական հրամաններ. ուսանողները չեն մեկնաբանում

15:31 • 04.05.12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բոլոր աշխատակիցները երեկ ստացել են ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի արձակած կարգապահական հրամանները, այս մասին տեղեկացնում է «Ազատ ուսանողների ֆորում»-ի անդամները:


Վերջիններս, տարածել են ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հրամանների պատճենները, ԶԼՄ ներկայացուցիչներին առաջարկելով ծանոթանալ դրանց բովանդակությանը:


Ի դեպ, զերծ մնալով մեկնաբանություններից, նրանք՝ ուղարկված տեղեկատվության գլխամասում, գրում են՝ «NO COMMENTS…»:

 

ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանը մայիսի 3-ին արձակել է հետևյալ կարգապահական հրահանգները.
«Հրահանգում եմ բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներին և կենտրոնների ղեկավարներին. մինչև իմ կողմից համապատասխան ցուցում ստանալը արգելում եմ որևէ հաղորդագրություն կամ նման այլ կարգի փաստաթուղթ տեղադրելը համալսարանի կայքում»:


Սույն հրամանի հսկողությունը ռեկտորի պաշտոնակատարը հանձնարարել է համալսարանի աշխատակազմի ղեկավարին՝ Ն Ներսիսյանին:


Մեկ այլ հրամանագրով, ռեկտորի պաշտոնակատարը աշխատակազմի ղեկավար Ն. Ներսիսյանին հրահանգում է.«Համալսարանի գրասենյակը և կադրերի բաժինը, նշված բաժինների հետ առնչություն չունեցող անձանց, առանց իմ կարգադրության՝ չտրամադրել փաստաթղթեր»:


ԵՊԼՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գայանե Գասպարյանի հաջորդ հրամանն ուղղված է համալսարանի անվտանգությունն ապահովող ծառայության պետին.«Մայիսի 3-ից սկսած, դասերն ավարտելուց հետո, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին, արգելվում է համալսարանի լսարանների ու աշխատասենյակների դռների բանալիների հանձնումը որևէ անձի:
Շաբաթ օրերին համալսարան կարող են մուտք գործել միայն մագիստրատուրայում սովորող ուսանողներն ու դասավանդող դասախոսները»: