27 օր հացադուլի մեջ գտնվողի մայրը պատրաստ է պայքարել, մեռնել ու իր 23 տարեկան տղի կյանքը փրկել

13:37 • 04.05.12

Գորիսի քրեակատարողական հիմնարկում արդեն 27 օր հացադուլի մեջ գտնվող Սուրեն Կիրակոսյանի մայրը, Զվարթ Կիրակոսյանն այսօր առավոտյան նախագահական նստավայրի առջև բողոքի ցույց անելիս, փորձել է իրեն նետել ՀՀ նախագահի ավտոմեքենայի տակ, ինչը կանխել են ոստիկանները: Այս մասին Tert.am-ին ասաց Զվարթ Կիրակոսյանը:

 

Հիշեցնենք, որ Սուրեն Կիրակոսյանը մեղադրվում է զորամասն ինքնակամ լքելու մեջ: Վերջինս էլ պնդում է, որ ունի առողջական լրջագույն խնդիրներ, մասնավորապես, ուսի վրա չարորակ, սև նևուսային գոյակցություն՝ խալ. նման դեպքերում հակացուցված է զենք կրելը: Չարորակ նորագոյացությունն, ըստ զինվորի հարազատների, ժամկետային ծառայության ընթացքում շփվելով զինվորական հագուստի և զենքի հետ, հիվանդության վիճակն էլ ավելի է խորացրել:

 

«Ես պատրաստ եմ, էսօր էլ, վաղն էլ պայքարել, մեռնել ու իմ 23 տարեկան տղի կյանքը փրկել»,-ասաց Զվարթ Կիրակոսյանը:

Իսկ նախագահական նա եկել էր, որպեսզի համոզվի՝ «մեր նախագահն ո՞ւնի էդ հնարավորությունը, որ հոգա իր զինվորի մասին»:

Տիկին Զվարթի խոսքերով, որդին զորամաս չի վերադարձել անցած տարվա սեպտեմբերի վերջից՝ տանն անցկացված արձակուրդից հետո, քանի որ արդեն տանը իրեն վատ է զգացել:


«Եվ ի՞նչ է նշանակում՝ զինվորին գրում են՝«դինամիկ հսկողություն», զինվորը ամեն րոպե գնալու է բուժկետ ասի՝ ստուգե՞ք ինձ»:

Պատասխանելով ՊՆ բուժական վարչության պատասխանին, թե զինվորին առաջարկվել է վիրահատություն, տղայի մայրն ասաց, թե վիրահատող բժիշկը որդուն տեղեկացնելով, որ վիրահատության դեպքում նրա կյանքի և մահվան հավանականությունը 50/50 է, պահանջել է, որպեսզի վերջինս ստորագրի, որ համաձայն է վիրահատությանը: Տղան էլ, նաև մոր խորհրդով, որոշել է, որ եթե 50/ 50 է իր ապրելու հնարավորությունը, ապա ավելի լավ է այդ վիճակում մնա՝ առանց վիրահատության:

 

«Նույնիսկ էնքան անամոթ են ՊՆ բուժվարչությունում, որ նրան, երբ ձերբակալել էին, կանդալներով տարել են ուռուցքաբանական հիվանդանոց: Էն որ ասում ա՝ «առաջը ջո~ւր, հետևը սո~ւր», չի իմացել՝ ի՞նչ անի. մարդը գիտի, որ վիրահատությունից հետո իր ապրելու հնարավորությունը 50/50 է»,-ասաց Սուրեն Կիրակոսյանի մայրը:

Զվարթ Կիրակոսյանը երեկ իր որդուն փորձել է համոզել՝ դադարեցնել հացադուլը, ասելով՝ «տղա ջան, մեր պետության մեջ զինվորը արժեք չունի, դու ինչի՞ ես գնում էդ քայլին: Հենա, զինվորին տանում են ինքնասպան են սարքում»: Բայց որդուն համոզել չի կարողացել.


Սուրեն Կիրակոսյանը շարունակում է հացադուլը: