81 երթուղայինի վարորդն ու Ռ.Հայրապետյանի թիկնազորի անդամը նշել են, որ վիճել են, բայց ծեծկռտուք չի եղել

16:17 • 04.07.12

Ոստիկանությունը հանդես է եկել հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտարարությամբ: Հիշեցնենք, որ օրաթերթը տեղեկացնում էր, որ Վահե Ավետյանի հուղարկավորության օրը ՀՖՖ նախագահ, ԱԺ (արդեն նախկին –Tert.am) պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները ծեծել էին թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդին:


«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրություն-պարզաբանման մեջ:

 

Հիշեցնենք, որ օրաթերթը տեղեկացրել էր, որ թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդի հետ վիճել ու նրան ծեծի է ենթարկել Ռ.Հայրապետյանի թիկնապահներից մեկը:


Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: