Աշտարակում վիճաբանության հետքերով ոստիկանները թմրամոլների են հայտնաբերել
Հուլիսի 3-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 20 հասցեում վիճաբանություն է տեղի ունենում, այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ հասցեում վիճաբանություն տեղի չի ունեցել, սակայն տան երկրորդ հարկի ննջասենյակում, հատակին, հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ՝ բաց դեղնավուն հեղուկով, և նույն տարողության դատարկ ներարկիչ, իսկ սենյակի պատուհանագոգերի վրա դրված են եղել տարբեր տարողության պլասմասսե շշեր, ապակյա փոքր բաժակ և ինքնաշեն եղանակով պատրաստված, 20 մլ տարողության ապակյա սրվակ` վերին մասից մետաղալարից պատրաստված 15 սմ երկարության բռնիչով:
Տանը ներկա գտնվող, 1985 թ. ծնված Կոստանդ Թ.-ն և 1977 թ. ծնված Արման Մ.-ն հայտարարել են, որ սենյակի հատակին ընկած ներարկիչում առկա է թմրանյութ, որն իրենք պատրաստել են իրենց օգտագործման համար, իսկ դատարկ ներարկիչի պարունակությունը Կոստանդ Թ.-ն արդեն իսկ ինքն իրեն ներարկել է:
Հայտնաբերված ներարկիչներն ուղարկվել են փորձաքննության: Կոստանդ Թ.-ն և Արման Մ.-ն բերման են ենթարկվել բաժին և ուղարկվել դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:









