Հույների մուտքը Մեծ Բրիտանիա կարող է արգելվել
Մեծ Բրիտանիան պատրաստ է փակել սահմանները հույն ներգաղթյալների առաջ, եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց: Այս մասին, The Financial Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Քեմերոնը խոստովանել է, որ Միացյալ թագավորության իշխանությունները պատրաստվել են անել «ամենը, ինչ կպահանջվի»` հույների հոսքը կանխելու համար: Վարչապետը նշել է, որ այս որոշումը կընդունվի միայն իրական ճգնաժամի պայմաններում, և հույս է հայտնել, որ նման քայլի, այնուամենայնիվ, գնալ հարկ չի լինի:
Հունաստանը բյուջեի դեֆիցիտի պատճառով գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ: Բացի այդ, ֆինանսական ճգնաժամին ավելացել է քաղաքականը: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած և ոչ մի կուսակցության չէր հաջողվել կառավարություն ձևավորել, ինչի պատճառով հունիսի 17-ին անցկացվեցին արտահերթ ընտրություններ: Հաղթած 3 կուսակցություններին` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությանը», ձախակենտրոն Համահունական սոցիալիստական կուսակցությանը և «Ժողովրդավարական ձախ ուժերին» հաջողվեց կոալիցիա ձևավորել: Այս կուսակցությունները դեմ են երկրի` եվրոգոտուց դուրս գալուն ու պատրաստ են կատարել Եվրամիության պահանջները` հերթական վարկը ստանալու համար:









