ՀԱԿ-ը մերժեց ՀՀ գլխավոր դատախազի հանդիպման հրավերը (լուսանկարներ, տեսանյութեր)

14:16 • 04.07.12

ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ արդար քննություն անցկացնելու համար պայքարող ակտիվիստների քայլերթը:


ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ակցիայի մասնակիցներին հայտարարեց, որ ոչինչ ավարտված չէ և ամեն ինչ նոր է սկսվում: «Նեմեցը դեռևս հրաժարական չի տվել: Ինքը էլի է եղել, որ հայտարարել է, բայց հրաժարական չի տվել: Օրենքն ասում է, որ 15 օր հետո նա պետք է կրկնի իր հայտարարությունը և հաջորդ քայլը այդ հրաժարականը ընդունվելու է սեպտեմբերի հայտարարության ժամանակ: Հորդորս բոլոր ակտիվիստներին, նախաձեռնություններին. պայքարը պետք է շարունակել»,-ասաց նա:

 

Բացի այդ, Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ դատախազ Աղվան Հովսեփյանը պատվիրակել էր իր մամուլի քարտուղարին, և ասել, որ պատրաստ է ընդունելու ՀԱԿ պատգամավորներին: «Մենք պատասխանեցինք, որ համաձայն չենք, քանի որ այն նախաձեռնությունը, որ ստորագրվել է 4 խմբակցությունների կողմից է եղել և այդ հրավերը, հանդիպումները և լսումները լինելու են պաշտոնական գրություններով: Մենք այսօր որևէ հանդիպման չենք գնա»,-ասաց նա և կրկին անգամ պահանջեց հավաքվածներին շարունակել պայքարը:



«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ կրկին անգամ նշեց, որ իրենց չի բավականացնում 4 կուսակցությունների նախալսումներ անցկացնելու նախաձեռնությունը, և պետք է անպայման արտահերթ նստաշրջան հրավիրել: «Պահանջում ենք շատ շուտափույթ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքել, քանի որ 4 կուսակցությունները քանակը բավարար է դրա համար, և ավելին էլ կարող են հավաքել, և անցկացնել արտահերթ նստաշրջան»,- ասաց նա:

 

Լևոն Զուրաբյանն էլ պատասխանեց, որ ՀԱԿ բոլոր 7 պատգամավորները այս պահից պատրաստ են իրենց ստորագրությունը դնել «Հարսնաքարի» դեպքի հարցով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար: Սակայն, նա միևնույն ժամանակ իրատեսական չհամարեց, որ 4 կուսակցություները ձևաթուղթը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում կարող են բավարար ստորագրություններ հավաքել:


Այդուհանդերձ նա նշեց, որ իրենք կփորձեն մյուս խմբակցություններին միավորել և այդ քայլին գնալ: «Նահանջի պատճառը սա էր, որ Կոնգրեսը միակողմանիորեն քայլից զերծ մնաց, բայց մենք այսօր էլ պատրաստ ենք խմբակցություններին միավորել և ամեն ինչ կանենք, որպեսի կարողանանք այդ 44 ստորագրությունը հավաքենք»,-ասաց նա:


«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամներն էլ հայտարարեցին, որ հետագա ակցիաների մասին կտեղեկացնեն: