ԵՄ–ը պատրաստ է աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը. Եվրոպական խորհրդի նախագահ
Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը, որն իրականացնելու համար ունի ինչպես միջոցներ, այնպես էլ փորձառություն, այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշեց Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը:
«Մենք այս տարածաշրջանում ունենք նոր ԵՄ հատուկ ներկայացուցիչ, և դա ևս ցույց է տալիս մեր հանձնառությունը: ԼՂ հակամարտությունը շարունակում է լինել առավել առաջնահերթ հարցերից մեկը ԵՄ-ի համար և լուծում գտնելու համար անհրաժեշտ է գտնել փոխադարձ վստահություն»,– ասել է նա:
«Լուրջ մտահոգություն են առաջացնում վերջին բախումները, որոնք տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում»,- ասաց նա և, իր ցավակցությունը հայտնելով կորուստների համար, երկու կողմերն էլ կոչ արեց հարգել հրադադարի համաձայնագիրը։
Հերման վան Ռոմպոյը նշեց, որ միայն խաղաղ և բանակցությունների ճանապարհով կարելի է հասնել խաղաղության, ինչը, ըստ նրա, կարող է թույլ տալ առաջ շարժվել։
«Միայն այս ձևով կարող է կայուն և խաղաղ տարածաշրջան ստեղծվել: Խաղաղությունը կարող է նպաստել Հայաստանի ապագա զարգացմանը: Մենք կարող ենք միայն վերահաստատել այն, որ ինչ հայտարարել են Մինսկի խմբի համանախագահող երկրները, այն՝ միայն խաղաղ ճանապարհով ու Հելսինկյան սկզբունքների հիման վրա կարելի է հասնել խաղաղության»,-ասաց նա:
Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ Հայաստանը ողջունում է Եվրոպական միության պատրաստակամությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:
«Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան այլատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը»,-ասաց նա։
ՀՀ նախագահը նաև ավելացրեց, որ պարոն Ռոմպոյի հետ ունեցած քննարկման ընթացքում վերահաստատել են այն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա:









