"Ты кто такой? Давай, до свидания" երգի հեղինակին պետական դավաճանության մեջ են մեղադրում

15:10 • 04.07.12

Համացանցում լայն տարածում գտած "Ты кто такой? Давай, до свидания" երգի հեղինակ, "Толыши садо" թալիշական թերթի խմբագիր, թալիշական մշակույթի կենտրոնի փոխնախագահ Հիլալ Մամեդովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության, ազգային, սոցիալ-կրոնական ատելություն, թշնամություն սերմանելու մեղադրանքով:


Մամեդովի փաստաբանները տեղեկացրել են, որ նախաքննությունն ընթանում է ծանր հանցագործությունների գլխավոր դատախազությունում: Գլխավոր դատախազությունից հաստատել են տեղեկությունը, նշելով, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:


Մամեդովը ձերբակալվել էր հունիսի 21-ին` թմրանյութ պահելու մեղադրանքով:

Թալիշ գործիչը հայտարարություն է տարածել, որտեղ պատմել է, որ իր ձերբակալությունից հետո սպորտային կազմվածքով մարդիկ մեքենայի մեջ իրեն ասել են` «Դու երբ ես խելոքանալու», «Երբ ես դադարելու իշխանություններին վիրավորել Facebook-ում», «Երբ ես դադարելու տարբեր օտարերկրյա լրագրողներ հրավիրել»:


Ինտերնետում "Ты кто такой? Давай, до свидания!" երգի տեսահոլովակը տեղադրելուց հետո Մամեդովն իր վրա է սևեռել բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունը:


Մամեդովի խոսքերով, ձերբալակությունից հետո նրան ասել են. «Այ երբ քո գրպանից թմրանյութ դուրս բերեն, այդ ժամանակ դու կասես "до свидания".

Հիլալ Մամեդովը նաև տեղեկացրել է, որ ձերբակալությունից հետո իր ազգային արժանապատվությունը վիրավորել են:
Տեղական և միջազգային բազմաթիվ կազմակերպություններ ևս կարծում են, որ Մամեդովի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի և պայմանավորված է քաղաքացիական ակտիվ կեցվածքով: