Յանուկովիչը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի բացառում, որ նախօրեին խորհրդարանի կողմից ընդունված խնդրահարույց օրենքի հետևանքով երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, նախագահն ասել է Գերագույն ռադայի ղեկավարության հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Ռադան ընդունել է «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքը, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին: Այս պատճառով այսօր հրաժարական են տվել Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինն ու փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն, իսկ 7 պատգամավոր էլ հացադուլ է սկսել:
Ի դեպ, այսօր Կիևի «Ուկրաինայի տան» մոտ բախումներ են սկսվել հատուկջոկատայինների ու օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարների միջև, հայտնում է BBC-ն: Ցուցարարները Յանուկովիչից պահանջում են չստորագրել օրենքը: Այսօր երևանյան ժամանակով ժամը 12.00-ին «Ուկրաինայի տան»-ը պետք է անցկացվեր նախագահի ասուլիսը, որը հետաձգվել է: Ցուցարարներն ուրախությամբ են ընդունել ասուլիսի տեղափոխման մասին լուրը` բղավելով` «Վախկոտ»: Դրանից հետո նրանք կատարել են Ուկրաինայի պետական հիմնը:
Ի դեպ, ցուցարարներից ոմանք այրվածքներ են ստացել ոստիկանների կողմից կիրառված արցունքաբեր գազից:









