Բարեկարգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակը

17:15 • 04.07.12

Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պետք է ունենա նաև իր որոշակի կենտրոնատեղին, որը կդառնա ինչպես հանգստի կազմակերպման, այնպես էլ տոնական միջոցառումների անցկացման վայր: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով դիտարկվել է հենց այդպիսին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս տարի ամբողջությամբ բարեկարգվել է ու կանաչապատվել:


Բարեկարգված տարածքի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանին: Քաղաքապետը և Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել են եկեղեցու հարակից տարածքում, ծանոթացել կատարված բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին:


Նորք-Մարաշի բնակիչները գոհունակություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց փոքրիկ վարչական շրջանի միակ կենտրոնատեղին բարեկարգելու հարցում օժանդակելու համար և վստահեցրել, որ սա, իսկապես. անհրաժեշտություն էր նորքեցիների համար:


Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհավորելով նորքեցիներին տարածքի բարեկարգման կապակցությամբ վստահեցրել է, որ հետևողական է լինելու մյուս վարչական շրջաններում ևս նմանատիպ կենտրոնների ստեղծման հարցում: «Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի համար: Անկախ նրանից, թե բնակիչը որ վարչական շրջանում է բնակվում, նա պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք քաղաքացի: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է և մենք քայլ առ քայլ հասնելու ենք այդ նպատակի լիարժեք իրականացմանը»,- շեշտել է Տարոն Մարգարյանը:


Տարածքում շրջելուց և կատարված աշխատանքներին ծանոթանալուց հետո, քաղաքապետը ծաղիկներ է դրել եկեղեցու տարածքում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մտել է նաև եկեղեցի և մոմեր վառել: