ԼՂՀ պարի պետական համույթը համերգներ է անցկացնում Ֆրանսիայում

18:27 • 04.07.12

Հուլիսի 6-ից 14-ը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Գոմբերի ամրոցում անցկացվելիք պարի ազգագրական փառատոնին կմասնակցի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարի պետական համույթը:


Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ փառատոնից առաջ՝ hուլիսի 2-ին, Վալանս քաղաքում տեղի է ունեցել համույթի անդրանիկ ելույթը:


Միջոցառումը նաև առիթ է դարձել, որպեսզի ներկայացվի «Արցախ. հայկական ավանդույթների և արվեստի այգի» գիրքը` նվիրված Արցախի անկախության 20 ամյակին:


Դասախոսություններով հանդես է եկել պատմաբան Կլոդ Մութաֆյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ովքեր ներկայացրել են Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը:


Միջոցառմանը ներկա Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը իր վստահությունը հայտնեց առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ երկխոսության միջոցով և ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:


Միջոցառումը կայացել է հայկական կազմակերպությունների համակարգի (COADA) տնօրինության և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:


Հուլիսի 3-ին Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի մշակութային կենտրոնի 700 տեղանոց լեփլեցուն դահլիճում տեղի է ունեցել Արցախի հանրապետության պարի պետական համույթի հերթական համերգը:


Համերգին նախորդել են պատմաբան` Կլոդ Մութաֆյանի և արվեստի պատմության մասնագետ` Տիգրան Կույումջյանի դասախոսությունները` Արցախի պատմության և մանրանկարչական արվեստի վերաբերյալ:


Այնուհետև ելույթով հանդես է եկել Վիլյորբանի քաղաքապետ` Ժան-Պոլ Բրետը, որի հովանու ներքո կազմակերպվել էր միջոցառումը: Քաղաքապետը, մասնավորապես, նշել է Վիլյորբան քաղաքի և Արցախի միջև խորը մշակութային կապեր հաստատելու մտադրության մասին:


Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական համայնքի անդամներ, լրագրողներ: