Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը
Վրաստանի խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում ձայների 102 «կողմ» և 7 «դեմ» հարաբերակցությամբ վստահություն է հայտնել Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի գլխավորած կառավարությանը, հայտնում է apsny. ge-ն:
Կառավարության նոր կազմում նախարարների մեծ մասը պահպանել են իրենց պաշտոնները. ՆԳ նախարարությունը կգլխավորի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, ՊՆ-ը կգլխավորի Կրթության ու գիտության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը, ԿԳՆ-ն` Խաթիա Դեկանոիձեն, իսկ Բռնի տեղահանված անձանց ու վերաբնակեցման հարցերի նախարարությունը` Դալի Խոմերիկին: Նաև հայտնվել է նոր գերատեսչություն` Զբաղվածության հարցերի նախարարությունը, որը կգլխավորի Պաատա Տրապաիձեն:
Լսումների ժամանակ Մերաբիշվիլին հայտնել է, որ կառավարության ծրագիրը կենտրոնացած է երեք հիմնական խնդիրների լուծման վրա` գործազրկություն, գյուղատնտեսության ու առողջապահության զարգացում, ինչպես նաև կենսաթոշակների բարձրացում:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չեն աջակցել նոր կառավարությանը:









