Ուկրաինայի գերագույն ռադայի խոսնակը հրաժարական է տվել

11:43 • 04.07.12

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը հրաժարական է տվել, հայտնում է korrespondent.net-ը:

«Խնդրում եմ քննարկել հարցն ու ընդունել իմ հրաժարականի մասին որոշում»,- այսօր առավոտյան խորհրդարանի նիստում ասել է Լիտվինը:

 

Նրա հրաժարականը կապված է նախօրեին «Պետական լեզվական քաղաքականության սկզբունքների մասին» օրենքի ընդունման հետ, որով առաջարկվում է երկրի 13 շրջաններում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին:


«Երեկ 14.30-ին ինձ հրավիրեցին Նախագահի մոտ, հանդիպումն ավարտվեց ուշ երեկոյան: Քվեարկել են (պատգամավորները) լեզուների մասին օրենքին կողմ, ինչից հետո պատգամավորներից մեկն ասաց, որ «մենք նրանց բաժանեցինք` ինչպես կատվի ձագերի»: Ինձ թվում է` առաջին հերթին դուք բաժանեցիք ինձ, ուկրաինացի ժողովրդին: Այս քվեարկության պտուղները մենք դեռ շատ կտեսնենք»,- հայտարարել է նա:

Նրա ելույթից հետո, փոխխոսնակ Ադամ Մարտինյուկը 30 րոպեանոց ընդմիջում է հայտարարել:


Նշենք, որ խոսնակը բացակա է գտնվել օրինագծի ընդունման նիստին: Հիշեցնենք, որ այս կապակցությամբ հրաժարական է տվել նաև Յուլյա Տիմոշենկոյի բլոկը ներկայացնող փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն: Այս օրինագծի ընդունումից հետո, երեկ Կիևի Եվրոպական հրապարակում են հավաքվել ընդդիմադիրները`  նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջելով չստորագրել օրենքը: