Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ

21:21 • 04.07.12

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է հրաժարականի դիմում, այս մասին Tert.am –ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:


Հիշեցնենք, որ համաձայն «ԱԺ-կանոնակարգ օրենքի»՝ պատգամավորի դիմումն ընդունված է համարվում, եթե հրաժարականը ներկայացնելուց հետո ԱԺ նիստում այս մասին հայտարարվելուն հաջորդած 15 օրերին այն հետ չի վերցվում:


Սրանից հետո դիմումը համարվում է ընդունված, և եթե պատգամավորը ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ապա նրան ներկայացնող ընտրատարածքում նշանակվում են ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ:
Նկատենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանը ավարտված է և հաջորդ նիստը տեղի կունենա ԱԺ աշնանային նստաշրջանում՝ սեպտեմբերի 11-ին :


Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր երեկ, ինչին նախորդել է հասարակական դժգոհության մեծ ալիքը կապված Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծկռտուքի հետևանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան հետ։