Սայաթ Նովա 15 հասցեի բնակիչների վրա «հարձակվում» են, ռեստորանի տերը մի կողմից, Մայր Աթոռը՝ մյուս (լուսանկարներ)

16:40 • 04.07.12

Սայաթ Նովա 15 հասցեում գտնվող շենքի բակում այսօր կեսօրին իրարանցում էր. շենքի բնակիչների ահազանգով ժամանած Քաղաքաշինական պետական տեսչության աշխատակիցները մինչ այդ մտել էին շենքի նկուղային հարկ, որտեղ տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, և այնտեղ հայտնաբերել ծանր շինտեխնիկա՝ առանց որևէ բանվորի կամ շինարարի:

 

Վերջիններիս բացակայության պատճառով անհայտ մնաց թե արդյո՞ք շինարարությունը արտոնված է՝ կա թույլտվություն, թե ոչ:


«Դուռը միլիցիայի աշխատակիցների հետ բացել ենք, ներխուժել ենք, որ տեսնենք՝ ինչ վիճակ է: Էս պահին, որպես առաջին գնահատական, կարող ենք արձանագրել, որ ինքնակամ շինարարական աշխատանքներ են կատարվել և էս կատարված աշխատանքների, շենքին հասցված վնասի առկայությունը միայն համապատասխան տեխնիկական եզրակացությամբ կարող է տրվել, որը մեր իրավասությունների մեջ չի մտնում, բայց կդիմենք, կտան»,- Tert.am –ին ասաց Քաղաքաշինական պետական տեսչության վերահսկողության բաժնի պետը, ով ներկայացավ, որպես Նորիկ ՝ հայտարարելով, որ առաջիկայում կներկայացնեն «համապատասխան որակավորում» և մեկ անգամ ևս կդիմեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:


Մեր այցելության պահին 1971 թ. կառուցված, երևանցիների շրջանում որպես «երգչախմբային ընկերակցություն» անվանումով առավել հայտնի շենքի բակում հավաքված էին բնակիչներ, ոստիկանության աշխատակիցներ, քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, որոնք սկզբում քննարկում էին անգամ նկուղում եղած տեխնիկան այստեղից տեղափոխելու հարցը:


Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ նույն շենքի բնակիչների ահազանգով ժամանակավորապես կասեցվել էր շինարարությունը և դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հայտարարել էին, որ կկատարվի շենքի սեյսմակայունության փորձաքննություն:


Բնակիչները անհանգստացած են, թե արդյո՞ք իրականացված աշխատանքները որևէ վնաս չեն հասցրել մայրաքաղաքի սրտում՝ Տիկնիկային թատրոնի հարևանությամբ գտնվող 12 հարկանի շենքի սեյսմակայունությանը:


« Տերերը չգիտենք՝ ով են, գիշերը գալիս են, մեծ բեռնատար մեքենաներ են կանգնած, իրար հետևեց մեծ ժայռաբեկորներ են տանում: Ամեն ինչ ծածկում են, թաքցնում են, որպեսզի ոչ մեկը ոչ մի բան չտեսնի»,- ասաց նույն շենքի բնակիչ տիկին Սվետլանա Շահվերդյանը:


Իսկ շենքի մեկ այլ բնակիչ, ուղեկցելով շենքի ողջ տարածքի չափով նկուղ, ցույց տվեց տարբեր երկաթբետոնե կոնստրուկցիաների կտորտանքներ և վստահեցրեց, որ 12 հարկանի հսկա շենքի բոլոր կրող սյուները և պատերը շինարարների կողմից քանդված են:


Բնակիչների նախնական տեղեկությամբ՝ նկուղի սեփականատերը պատրաստվում է այդ տարածքում ռեստորան կառուցել:
«Մենք տեղեկություն չունենք, ամուսինս հարցրել է, ասել են՝ «հոպա՜ր, օֆիս ենք անում», բայց պարզվում է՝ չէ, ռեստորան են անում, ընդ որում էն կողմից էլ են քանդում»,- վրդովված նկատեց մեկ այլ բնակչուհի:


Ինչպես պնդում են Քաղաքաշինության նախարարության աշխատակիցները՝ իրենք ամեն օր այցելում են շենքի նկուղ, որպեսզի պարզեն՝ կա օրինական շինթույլտվություն, թե ոչ, սակայն ապարդյուն, որովհետև դուռը մշտապես փակ է: Սակայն բնակիչները մեզ հետ զրույցում պնդեցին, որ շինարարներն աշխատում են երեկոյան ժամը 18 –ից հետո և շաբաթ-կիրակի օրերին:


Ի դեպ, այսօրվա իրարանցման ժամանակ բնակիչներից ոմանք նկատել էին, որ շինարարները բակ մտնող մարդատար մեքենաներով ինչ-որ մարդկանց «դեսանտ են իջեցնում», որոնք հեռվից ծանոթանում են իրավիճակին և հեռախոսով զեկուցում:


Մինչ բնակիչները վրդովված պատմում էին շինարարությունից հասցված վնասների մասին, ոստիկանների ձեռքին հայտնվեց կատարված փորձաքննության եզրակացությունը, որը ստորագրված էր 26.06.2012 թվականով և հաստատված Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայության ՊՈԱԿ–ի գործադիր տնօրեն Ա.Ջավադյանի կողմից:


Փաստաթղթում նշվում է, որ հիմնվելով հետազննության արդյունքների վրա, եզրակացնում են, որ Երևանի նշված հասցեում Վահե Մաթոսյանին պատկանող տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները բացասական ազդեցություն չեն թողել շենքի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վրա: Եվ ավելին՝ նկուղային հարկում իրականացվող շինարարական աշխատանքները, ըստ փորձաքննություն իրականացնողների՝ «հնարավորություն կտան ապահովել շենքի համար նորմալ և չոր պայմաններ, ինչը կբարձրացնի շենքը կրող կոնստրուկցիաների հուսալիությունը:


Ի պատասխան, շենքի բնակիչներից Ռուզան Ղազարյանը վրդովված հակադարձեց՝ «մենք էդ եզրակացության գինը ինչ ա, չգիտե՞նք»:


Բնակիչները, անմասն չմնալով այսպես կոչված «դավադրությունների տեսությանը», կասկածներ ունեն, որ հնարավոր է՝ շենքին միտումնավոր է վնաս պատճառվում, որպեսզի հետագայում շենքին մի բան պատահի ու ազատ տարածքներ մնան հարևանությամբ Մայր Աթոռի կողմից կառուցվող Սուրբ Աննա եկեղեցու և Վեհարանի կեցավայրի ընդլայնման համար:


Համենայնդեպս, շենքի արական սեռի բնակիչներից Հարությունը նման կարծիք հայտնեց: Նրա հարևանուհին՝ տիկին Ռուզանը ևս բողոքում էր Մայր աթոռից:


«Նայե՜ք, ուրեմն սա «Էռատոն» է, (բար-կարաոկե Tert.am ), մյուսը՝ նկուղը, իսկ էն կողմից հարձակվում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը. ամբողջ շենքի ջրի պոմպը նրանց տնօրինության տակ է, իրենց գարաժի տակ, ու դու չես կարող մոտենալ: Երևի ուզում են ջուրը սրբացնե՞ն, որ սուրբ ջուր կոչվի: Եվ էդ ամբողջ ջրի դոստուպը իրենց մոտ է: Այսինքն` դու պետք է գնաս, ասես, «Վեհափա՜ռ, ինձ մի կաթիլ ջուր տուր»։ Տենց ա ստացվում»,-ասաց տիկին Ռուզանը: