Սերժ Սարգսյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ հանդիպել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին

11:54 • 04.07.12

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ:


Ըստ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Մեծարգո պարոն Նախագահ,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:

 

Չափազանց ոգևորիչ է տեսնել, որ 18-րդ դարում Ձեր երկրի հիմնադիրների կողմից հռչակված համամարդկային բարձրագույն արժեքներն այսօր էլ արդիական են հատկապես աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք դեռ պայքարում են հանուն անկախության, ազատության, արդարության և հավասարության:

 

Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Հպարտորեն պետք է ընդգծեմ, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Իհարկե, մեր ժողովուրդների կապերը շատ ավելի խոր պատմություն ունեն, և դրանցում հատկապես մեծ և տեսանելի դեր ունի ամերիկահայ համայնքը, որը բազմաթիվ ամուր կամուրջներով կապել է մեր երկրները: Միջպետական հարաբերությունների երրորդ տասնամյակի շեմին մենք շարունակում ենք խորապես շահագրգռված մնալ Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի գործընկերային սերտ հարաբերությունների հետագա զարգացմամբ:

 

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ անկախության վերանվաճումից ի վեր Հայաստանին համակողմանի և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Բարձր գնահատանքի են արժանի նաև արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ձեր երկրի ջանքերը:

 

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Ձեր ժողովրդին խաղաղություն և բարօրություն»: