Ոստիկաններն ու Երևանի հատուկ–փրկարարական ջոկատի աշխատակիցները կանխել են 51-ամյա կնոջ ինքնասպանությունը (լուսանկարներ)
Այսօր` հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին Երևան քաղաքի Ոստիկանությունից հայտնել են, որ Շինարարների 31 շենքի բնակարաններից մեկում կինը փակվել է սենյակում և հայտարարել, որ ինքնասպան է լինելու:
Ինչպես դեպքի վայրից Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանություն ահազանգողը եղել է քաղաքացի Ա. Բ.-ն:
Այս պահին նշված շենքի բակ են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները:
Վերջիններս փորձում են ճոպանների միջոցով նշված շենքի տանիքից մտնել 4-րդ հարկի բնակարան, սակայն քանի որ ճոպանով կար դժվարություն, խուսափելով հետագա բարդություններից, դեպքի վայր բերվեց վերամբարձ սանդուղք, որից հետո Ոստիկանության բաժնի 2 աշխատակիցներ և 1 փրկարար կարողացան լուսամուտից մտնել նշված բնակարան և այնտեղ գտնվող 51-ամյա Կարինե Բեգոյանին իջեցնել ներքև, որից հետո դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը նրան տեղափոխել է ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն:
Շամշյանը հայտնում է, ու հարևանն իրեն պատմել է, թե կինը տառապել է հոգեկան հիվանդությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









