Ի տարբերություն ՀՀ իշխանությունների՝ մեր հասարակությունը իրավապաշտ է. Արտակ Զեյնալյան
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն առաջնորդվում ՀՀ Սահմանադրությամբ, որն էլ պատճառ է հանդիսանում ՀՀ քաղաքացիներին թերահավատորեն վերաբերվելու իրենց իրավունքների պաշտպանությանը, որոնք երաշխավորված են Սահմանադրությունում:
«Սահմանադրությունն առաջին հերթին դա սահման է իշխանությունների համար և իշխանությունները կաշկանդված են մարդու Սահմանադրական իրավունքներով, որոնք անմիջականորեն է գործում: Այո, պետական իշխանության ներկայացուցիչները չեն առաջնորդվում այդ սկզբունքով, դրանք ամրագրված է մեր Սահմանադրության երրորդ հոդվածում»,- ՀՀ Սահմանադրության ընդունման 17-ամյակի առիթով Tert.am-ի հետ զրույցում փաստում է իրավապաշտպանը և ավելացնում, որ իրենց հերթին քաղաքացիները մինչև վերջ չեն հավատում Սահմանադրությանը, որովհետև իրենց իրավունքներն ու ազատությունները չեն կարողանում պաշտպանել և վերականգնել, այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ:
Զեյնալյանի համոզմամբ՝ ի տարբերություն իշխանությունների՝ հասարակությունը իրապաշտ է և բավականին հասուն՝ պատրաստ ընդունելու և առաջնորդվելու իրավունքի գերակայությամբ սկզբունքով: «Մնում է իշխանությունները իրավագիտակցություն և քաղաքական կամք ունենան` ապահովելու քաղաքացիների սահմանադրական իրավունքները»,-նշեց նա:
Ըստ իրավաբանի՝ ՀՀ Սահմանադրության առավել շատ խախտվող դրույթներից է՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության իրավունքները: «Իմ համոզմամբ կարևորներից սրանք են: Եթե այս պահանջները և իրավունքները պաշտպանված լինեն, մյուս հիմնարար իրավունքները հնարավոր կլինի պաշտպանել ու վերականգնել: Մարդիկ չեն վստահում իրավական պաշտպանության միջոցներին, նրանք չեն հավատում, որ վարչական մարմիններում և դատարանում իրենց խնդիրը արդար լուծում կստանա»,-նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությունը անշուշտ փոփոխությունների և լրացումների կարիք ունի: «Ցանկացած իրավական ակտի, այդ թվում ` Սահմանադրության թերություններն ու բացերը ժամանակի ընթացքում է բացահայտվում: Ի հայտ են գալիս ավելի դիպուկ իրավակարգավորումներ տալու անհրաժեշտությունը: ՀՀ Սահմանադրությունում հստակեցման կարիք ունեցող դրույթներ բավականին կան, սակայն կարևորագույնը թեկուզ մեկ փոքր փոփոխություն հասարակության ճնշող մեծամասնության մասնակցությամբ կատարելն է, որպեսզի հասարակական հարաբերությունների բոլոր մասնակիցները հավատան Սահմանադրությանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի հանրաքվեով, փոփոխվել է տասը տարի անց 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով:









