Ադրբեջանցի հաքերները հարձակվել են «Ավրորա» և «Վան» ռադիոկայանների կայքերի վրա

15:45 • 05.07.12

Ադրբեջանցի հաքերները երեկ հարձակվել են հայկական երկու առաջատար ՝ «Ավրորա» և «Վան» ռադիոկայանների կայքերի վրա: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ռադիոկայանների պատասխանատուների հետ զրույցում:

 

«Ավրորա» ռադիոկայանի տնօրեն Միքայել Ջանփոլադյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կայքը կոտրվել է ադրբեջանցի հաքերների կողմից: Ընդ որում` կոտրվել է ոչ միայն կայքը, այլ նաև Facebook-ում ռադիոընկերության էջը, ինչպես նաև էլեկտրոնային փոստը: Ջանփոլադյանը տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է վերականգնել էլեկտրոնային փոստը, որտեղ եղել են ադրբեջանական գրառումներ, սակայն ռադիոկայանի կայքը վերականգնելու ուղղությամբ դեռևս աշխատանքներ են տարվում:

 «Ավրորայի» տնօրենը սա կապեց ադրբեջանցի հաքերների կողմից վերջին շրջանում նկատվող ակտիվության, ինչպես նաև լրատվական ոլորտի կայքեր կոտրելու վերաբերյալ նրանց հայտարարության հետ:

 

«Ռադիո Վանի» լրագրող, բլոգեր Արման Սուլեյմանյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ իրականում ոչ թե իրենց կայքն են կոտրել, քանի որ, ըստ նրա, այն լավ պաշտպանված է, այլ նրանց դոմեյն հասցեն, որը տեղադրված է Արմինկո ընկերությունում:


Այս պահին, ըստ նրա, կայքի այցելուները 70%-ով կարողանում են օգտվել, իսկ 30%-ով՝ ոչ: Ամբողջական վերականգնման համար աշխատանքներ են տարվում:



Արման Սուլեյմանյանը չի կարծում, որ իրենց կայքէջի վրա հարձակումը ինչ-որ հստակ հոդվածների հետ է կապված եղել: «Քանի որ վերջին շրջանում առանձնապես հակաադրբեջանական հոդվածներ չեն եղել, ուղղակի մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ինչպես է հովանավորվում հաքերական գործն Ադրբեջանում և որքանով են նրանք ակտիվ»,-ասաց նա:


Նա տեղեկացրեց նաև, որ ադրբեջանական հաքերների խումբը կայքէջին թողել է գրառում: «Շատ չեզոք տեքստ էր, երեք լեզվով գրված՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Հերթական հեքիաթն էր, թե հայերը մեղավոր են Ղարաբաղյան պատերազմում. քարոզիչ նպատակներ ունեցող տեքստ էր»,-ասաց նա և ավելացրեց, որ նաև փոխել են ռադիոկայանի հասցեն՝ գրել Բաքու, ինչն էլ հաստատում է , որ հարձակումն արված է նրանց կողմից:



«Սա լուրջ սիստեմատիկ աշխատանք է, որը նրանք կատարում են ամեն օր»,- ասաց նա: