Դավութօղլուն մեկնում է Փարիզ. Թուրքիան հույս ունի Ֆրանսիայի հետ հարաբերությունները նախկին մակարդակին հասցնել

09:42 • 05.07.12

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ֆրանսիայի արտգործնախարար Լաուրյեն Ֆաբիուսի հրավերով վաղը մեկնելու է Փարիզ:
 
 

Թուրքիայի արտգործնախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ արտգործնախարարների հանդիպման հիմքում լինելու են երկու երկրների հարաբերություններն «արժանի մակարդակին վերադարձնելը»:
 

«Այցի ընթացքում քննարկվելու են թուրք-ֆրանսիական հարաբերությունները` բոլոր ոլորտներում, ինչպես նաև կողմերը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
 

Թուրքական «Հուրրիյեթ»-ը այդ այցը համարել է Ցեղասպանության ժխտման քրեականացման հետևանքով գրեթե խզված հարաբերությունները վերականգնելուն ուղղված կարևոր քայլ:
 

Պարբերականը նշել է, որ Ֆրանսիայի նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումները Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ դրական մթնոլորտում էին անցել, և եթե արտգործնախարարների հանդիպումը նույնպես նման ընթացք ունենա, Ֆրանսիայի դեմ Թուրքիայի կիրառած պատժամիջոցներն, ամենայն հավանականությամբ, կվերանան:

 

Վաղը Փարիզում տեղի է ունենալու նաև «Սիրիայի բարեկամների» հերթական հավաքը և Դավութօղլուն մասնակցելու է նաև այդ հավաքին: