ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատելու են շփման գիծը

16:38 • 05.07.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հուլիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:


ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

 

 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ՈՒիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):


Պլանավորվում է, որ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հերթական այցով կժամանեն տարածաշրջան, հատելու են շփման գիծը ականազերծված հատվածով:


Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: