Հերման Վան Ռոմպոյը Բաքվում կրկնել է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Երևանում հնչեցրածը

15:58 • 05.07.12

Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով չի լուծվի. միայն բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումը կարող է թույլ տալ ողջ տարածաշրջանին փոխել ստատուս քվոն` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագա: Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը:


«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որոշում ընդունեն` հիմնվելով մադրիդյան սկզբունքների վրա: Երկու երկրները պետք է լիովին կատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախագահների կողմից ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա:

 

Նա նաև ընդգծել է հրադադարի համաձայնագրին խստորեն հետևելու և զսպվածություն դրսևորելու անհրաժեշտությունը` կոչ անելով զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից ու հրապարակային հայտարարություններից:


«Լուծման հասնելու համար հարկավոր է փոխադարձ վստահություն ու հարգանք: Նույնը երեկ կրկնել եմ Երևանում»,- ասել է Ռոմպոյը:


Ինչպես նշում է Contact.az-ը, Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չեն տվել ներկա գտնվել ասուլիսին: