Մուսուլմանական օրենքներով թաղված հայազգի ծերունուն կվերահուղարկավորեն հայկական գերեզմանատանը

14:59 • 05.07.12

Ստամբուլում մահացած հայազգի Հարություն Քամպարիսօղլուի մարմինը, որին ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով թաղել էին մուսուլմանական օրենքներով, կվերահուղարկավորեն հայկական գերեզմանատանը,տեղեկացնում է Hurriyet-ը:


Հունիսի 17-ին հանգուցյալին ընտանիքի անդամները չէին կարողացել թաղել քրիստոնեական կանոններով, քանի որ Սկյուտար թաղամասում գտնվող Սուրբ Կարապետ հայկական եկեղեցում թաղման արարողություն կազմակերպելու համար պոլսահայ 85-ամյա մարդու ընտանիքից 8000 թուրքական լիրա (4200 դոլար) էին պահանջել:

Հանգուցյալի ընտանիքը գումարը վճարելու հնարավորություն չի ունեցել և ստիպված է եղել նրան թաղել մուսուլմանական կանոններով` հոգեհանգստյան կարգը կազմակերպելով մզկիթում:


Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մեկնաբանել է միջադեպը և արդարացել, նշելով, որ պատրիարքարանը տեղյակ չի եղել ընտանիքի վատ սոցիալական վիճակի մասին:

«Եթե մենք տեղյակ լինեինք, ապա կանեինք հնարավորը` նման միջադեպը կանխելու համար»,- ասել է նա:


Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի ներկայացուցիչ Օշին Մումջյանը ևս ասել է, որ ընտանիքի սոցիալական վիճակի մասին իրենք չեն իմացել:

«Ընտանիքը շատ հայտնի և հարգված ընտանիք է, սակայն նրանք չեն ցանկացել վճարել թաղման ծախսերը: Եթե մենք իմանայինք, որ նրանք իրոք կարիքի մեջ ենք, կտեղեկացնեինք պատրիարքարանին»,- ասել է: