Շվեյցարիան չի հրաժարվի իրանական նավթից
Շվեյցարիայի կառավարությունը որոշել է չմիանալ իրանական նավթի ներկրման միջազգային արգելքին, որը սահմանվել է Եվրոմիության կողմից, այս տարեսկզբին: Այս որոշման համաձայն` հուլիսի 1-ից ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է պաշտոնապես դադարեցնեն իրանական նավթի ներկրումը:
Շվեյցարական կառավարությունը, սակայն, կընդլայնի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները: Vz.ru-ի փոխանցմամբ` կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նոր պատժամիջոցները, որոնք ուժի մեջ կմտնեն ուրբաթ օրվանից, առնչվում են նավթաքիմիական, հեռահաղորդակցային արտադրանքին, ինչպես նաև թանկարժեք մետաղների ու ադամանդների առևտրին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության ու միջազգային քաղաքականության հանձնաժողովը մշակել է ԵՄ պատժամիջոցներին աջակցող երկրների նավթային տանկերների համար Հորմուզի նեղուցը փակելու մասին օրինագիծ:
Աշխարհում նավթային փոխադրումների 20%-ն անցնում է հենց այս նեղուցով: Թեհրանը հսկում է նեղուցի հյուսիսային, իսկ Միացյալ Արաբական Էմիրությունները` հարավային մասը:









