Պարագվայը Վենեսուելայի դեսպանին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել` «քիթն ամեն տեղ մտցնելու համար»
Պարագվայի իշխանությունները որոշել են հետ կանչել Կարակասում երկրի դեսպան Աուգուստո Օկամպոսին, իսկ Ասունսյոնում Վենեսուելայի դեսպան Խոսե Խավիեր Արուե դե Պաբլոյին հայտարարել են «պերսոնա նոն գրատա»: Այս մասին, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտնել է Պարագվայի արտաքին գործերի նախարարությունը:
Խոսե Խավիեր Արուե դե Պաբլոն ներկայում գտնվում է Պարագվայի սահմաններից դուրս, այդ իսկ պատճառով նրան արտաքսելու միջոցառումներ չեն ձեռնարկվի:
Պարագվայի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ «Բոլիվարյան պետության պաշտոնատար անձանց կողմից Պարագվայի ներքին գործերին միջամտելու ապացույցներ ունի», ինչով էլ պայմանավորված է դեսպանի հետկանչն ու վենեսուելացի դեսպանին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը:
Ըստ ԱԳՆ-ի` միջամտությունը դրսևորվել է նաև վենեսուելացի արտգործնախարար Նիկոլաս Մադուրոյի գործողություններում, ով Ասունսյոն այցի ընթացքում փորձել է Պարագվայի ռազմական ղեկավարությանը համոզել պահպանել հավատարմությունը Ֆերնանդո Լուգոյին, ով հունիսի 22-ին հեռացվեց երկրի նախագահի պաշտոնից` «պարտականությունները թերի կատարելու համար»:
Հիշեցնենք, որ դադարեցվել է Պարագվայի մասնակցությունը Հարավամերիկյան ընդհանոր շուկայի երկրների միավորմանը` ՄԵՐԿՈՍՈՒՐ-ին, ու անդամակցությունը Հարավամերիկյան ազգությունների միությանը` ՈՒՆԱՍՈՒՐ-ին, մինչ այս երկրում նախագահական ընտրությունների անցկացումը:









