91-ամյա ամերիկացին ռեկորդ է սահմանել` ատամներով տեղաշարժելով 1.6 տ կշռող մեքենան (տեսանյութ)

16:27 • 05.07.12

Նյու Յորքում հուլիսի 4-ին` Միացյալ Նահանգների անկախության օրը, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 91-ամյա Մայկ Գրինշտեյնը, ի զարմանս բոլորի, առանց որևիցե դժվարության, ատամների օգնությամբ տեղաշարժել է 1.6 տոննա կշռող ավտոմեքենան:


Ինչպես հայտնում է Life News-ը, Մանհեթենի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առաջ «Պողպատյա ծնոտ» մականվամբ վետերանը բերանն է դրել Buick մակնիշի մեքենային ամրացված շղթան ու առանց ձեռքերի օգնության շարժել մեքենան մի քանի մետր:


Ռեկորդ սահմանելուն ծերունուն չի խանգարել նույնիսկ անձրևը:

«Դուք չեք հավատա, բայց ես ինձ զգում եմ 44 տարեկան: Ես չեմ պատրաստվում կանգ առնել»,- ասել է նա:


Ռեկորդակիրը խոստովանել է, որ իր ֆիզիկական տվյալների ու ֆենոմենալ առողջության համար պարտական է հորը (նրա հայրը եղել է պրոֆեսիոնալ մարզիկ):