Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել ՀԱԿ-ից

16:30 • 05.07.12

Ազգային անվտանգության նախկին նախարար, մինչև վերջերս Հայ ազգային կոնգրեսի առանցքային անդամներից մեկը հանդիսացող Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել վերը նշված ընդդիմադիր կառույցից: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Դավիթ Շահնազարյանը, այնուամենայնիվ, հրաժարվելով մանրամասներ ներկայացնել իր քայլի պատճառներ: Շահնազարյանը տեղեկացրեց, որ ինքը դրա մասին ծավալուն մեկնաբանությամբ արդեն իսկ հանդես է եկել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում:

 

 

Շահնազարյանը ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ինքը Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից դուրս է եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, և ընդհանրապես իր քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում:


«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխությունը, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», - ասել է Շահնազարյանը՝ նշելով, որ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը:

 

Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է, որ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:


«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձևավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ և բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որևէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, և այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, և հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», - ասաց Շահնազարյանը:

 

Հիշեցնենք նաև, որ Դավիթ Շահնազարյանը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խնամին է. նրա դուստրը առաջին նախագահի հարսն է՝ որդու կինը:

 

 

Նշենք նաև, որ 2012թ. ԱԺ ընտրություններին ՀԱԿ համամասնական ցուցակում Դավիթ Շահնազարյանը ընդգրկված չէր: