Ջրից հանվել են Սիրիայի կողմից ոչնչացված թուրքական կործանիչի երկու օդաչուների դիակները (տեսանյութ)
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից հունիսի 22-ին ոչնչացված թուրքական F-4 կործանիչի երկու օդաչուների դիակները հայտնաբերվել են և դուրս հանվել Միջերկրական ծովից, հաղորդում է vesti.ru-ն:
Թուրք օդաչուներ կապիտան Գյոքհան Էրթանի և լեյտենանտ Հյուսեյն Ակսոյի աճյունները թուրք փրկարարները հայտնաբերել են ծովի հատակին` 1260մ խորության վրա, օդանավի բեկորների մոտակայքում:
Անկարան պնդում է, որ զենք չկրող թուրքական հետախուզական RF-4E ինքնաթիռը խփվել է միջազգային ջրերի օդային սահմաններում: Սիրիայի ռազմական իշխանությունը հաստատել է, որ ինքնաթիռը ոչնչացրել են, սակայն իրենց վարկածով, դա կատարվել է Սիրիայի օդային տարածքում:
Ոչ պաշտոնական տվյալներով, սիրիացիները F-4-ի ոչնչացման համար կիրառել են ռուսական նորագույն կարճ հեռահարության «Պանցիր-Ս1» հրթիռա-հրետանային համակարգը:









