Շենգավիթում պատուհանագոգին նստած և երաժշտություն լսող Գերմանիայի քաղաքացի Իռան՝ ինքնասպանության փորձի ահազանգի պատճառ

11:48 • 05.07.12

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ և միևնույն ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում:


Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 10.30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Գարեգին Նժդեհ 9ա շենքի 4-րդ հարկից մի կին նստել է պատուհանի գոգին և ինչ-որ տարօրինակ կերպով հետ ու առաջ շարժումներ է անում: Ահազանգողները հայտնել են նաև, որ այդ կինը, հավանաբար, ինքնասպանության փորձ է ուզում կատարել:


Նշված հասցե են մեկնել ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները:


Ֆոտոլրագրողը հեռախոսազրույց է ունեցել Շտապօգնության ծառայության պետի օպերատիվ գծով տեղակալ Վահե Միրիջանյանի հետ, ով հայտնել է, որ դեպքի վայրում է գտնվում նաև շտապօգնության բրիգադը:


Ժամանել է նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ քննչական խումբը:


Ոստիկաններին և Փրկարարներին հաջողվել է աննկատ մուտք գործել նշված բնակարան և թիկունքից բռնել կնոջը: Ավելի ուշ նա ոստիկաններին ու փրկարարներին պատմել է, որ ինքը Գերմանիայի քաղաքացի 27-ամյա Իռա Թիմերմանն է և հայտնել է նաև, որ իրենց մոտ ընդունված է նստել պատուհանի գոգին և երաժշտություն լսել: