Բրիտանական մայրուղին 4 ժամով փակել են էլեկտրոնային գլանակի պատճառով

02:14 • 06.07.12

Անվնաս էլեկտրոնային գլանակը Մեծ Բրիտանիայում զանգվածային 4 ժամյա գործողության պատճառ է դարձել, որի ընթացքում տարհանվել են վճարովի ավտոմայրուղով ընթացող ավտոբուսի ուղևորները, հաղորդում է BBC-ն:


Հինգշաբթի առավոտյան, Բիրմինգեմի մոտակայքում դեպի Լոնդոն М6 մայրուղով ընթացող միջքաղաքային ավտոբուսի մի ուղևոր տարօրինակ ծուխ է նկատել, որը երևացել է մեկ այլ ուղևորի պայուսակից: Բարձրացված տագնապի արդյունքնում ավտոբուսն անհապաղ կանգնեցվել է մայրուղու վթարային հատվածում, բոլոր 48 ուղևորները տարհանվել են և խուզարկվել, իսկ կասկած հարուցած տղամարդը մեկուսացվել` մինչև հանգամանքների պարզաբանումը:


Մայրուղին 4 ժամով երկու ուղղություններով փակվել է, իսկ գործողությանը ներգրավվել են ոստիկանական, ռազմական, ականազերծման, հրշեջ և «շտապ օգնության» մեծաթիվ ուժեր:


Արդյունքում պարզվել է, որ այդ ամբողջ իրարանցման պատճառը էլեկտրոնային «ծխախոտի» գլանակն է, որը մոռացել են անջատել: