Գլենդելի հայերը Վահե Ավետյանի սպանության առթիվ բողոքի ցույց են անցկացրել

09:51 • 06.07.12

Երեկ Գլենդելի շուրջ 100 հայեր բողոքի ցույց են կազմակերպել Հայաստանի հյուպատոսության դիմաց` Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 33-ամյա բուժծառայող Վահե Ավետյանի սպանության կապակցությամբ` պահանջելով արդարություն, հայտնում է Glendale News Press-ը:

 

Ցուցարարները պահանջել են, որպեսզի սպանության բոլոր մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը: Նրանք նաև նշել են, որ նման մահացու ծեծկռտուքները եզակի բնույթ չեն կրում Հայաստանում, սակայն Ավետյանի դեպքն իրոք աննախադեպ է, քանի որ վերջինս ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատող է եղել և պարզապես անմեղ զոհ:

 

«Այստեղ գալու մեր նպատակն է կոչ անել ՀՀ կառավարությանը պատժել բոլոր մեղավորներին օրենքի ողջ խստությամբ: Եթե այսօր մենք չպայքարենք, վաղն այս ամենը նորից կկրկնվի, իսկ մեզանից ոչ ոք ապահովագրված չէ նման դեպքերից»,- ասել է գլենդելաբնակ Գայանե Մանուկյանը:

 

Ցուցարարները ցանկացել են նամակ հանձնել հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին` պահանջելով պատժել մեղավորներին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն շենքի փակ լինելու պատճառով նրանք իրենց բողոքն են արտահայտել դարպասների վրա մահացածի լուսանկարները փակցնելով:

 

Պարբերականը հիշեցնում է, որ Վահե Ավետյանն ու նրա 3 ընկերները դաժան ծեծի են ենթարկվել հունիսի 17-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, ինչից հետո` 12 օր անց, 2 երեխաների հայրը մահացել է հիվանդանոցում: Նրանց ծեծի էին ենթարկել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները: