ՖԻՖԱ-ն հաստատել է գոլերը որոշելու էլեկտրոնային համակարգերի կիրառումը
ՖԻՖԱ-ն հուլիսի 5-ին հաստատել է գոլերի որոշման ավտոմատ համակարգի (goal-line technology - GLT) կիրառումը, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Համապատասխան որոշումը ընդունվել է կազմակերպության Ցյուրիխի շտաբ-բնակարանում:
Այդ համակարգը կկիրառվի 2012թ. Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության, 2013թ.-ի կոնֆեդերացիաների գավաթի, ինչպես նաև 2014 թ.-ի աշխարհի գավաթի առաջնության ժամանակ:
ՖԻՖԱ-ի այս որոշումը նշանակում է, որ GLT համակարգը կարող է կիրառվել աշխարհի ցանկացած վայրում` ցանկացած ֆուտբոլային խաղի կազմակերպման ընթացքում:
Գոլերի որոշման ավտոմատ համակարգը ստեղծված է, որ ավելի ճշգրիտ որոշվի դարպասի գրավումը, բացառելով մրցավարական սխալը:
ՖԻՖԱ-ի նույն նիստի ընթացքում հաստատվել է ֆուտբոլային խաղի ընթացքում հինգ մրցավարի կիրառումը: Ինչպես նաև հանվել է կին ֆուտբոլիստների համար հիջաբով (իսլամական ավանդական գլխաշոր) խաղին մասնակցելու արգելքը:









