Թուրքական գյուղի բնակիչները պահանջում են վերանորոգել տեղի հայկական եկեղեցին

11:59 • 06.07.12

Թուրքիայի Հաքքարի շրջանի Յուքսեքովա շրջանում, նախկինում այդտեղ ապրած հայերի կառուցած եկեղեցին վերանորոգման կարիք ունի. տեղեկացնում է Sondakika կայքը:

 

Իրանի սահմանի մոտակայքում գտնվող պատմական հայ եկեղեցին, չնայած կրած վնասներին, դեռ կանգուն է: Գյուղի բնակիչները պահանջում են վերանորոգել այն և զբոսաշրջային վայր դարձնել:

«Մեր գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին տարիներ շարունակ մենք ենք պահպանել, սակայն դա բավարար չէ: Մենք պահանջում ենք, որ այդ եկեղեցին վերանորոգվի»,- ասել է գյուղի բնակիչներից Մեհմեթ Եմենը:

 

Նա նշել է, որ եկեղեցու բոլոր հատվածները կանգուն են, այդ թվում տանիքը: Այստեղ զբոսաշրջիկներ գրեթե չեն այցելում: Մեհմեթ Եմենը միայն մի դեպք է հիշել, երբ գյուղում զբոսաշրջիկներ են տեսել:

«Մենք համոզված ենք, որ եթե եկեղեցին վերանորոգվի, այն կշարժի զբոսաշրջիկների հետաքրքրությունը և շատերը կգան պատմական այս եկեղեցին տեսնելու»,- ասել է Էմենը: