Իրանը ռուսական S-300-ի մատակարարման դադարեցումը գնահատել է 4 մլրդ դոլար
Իրանի պաշտպանության նախարարությունը ռուսական S-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումների դադարեցումը գնահատել է 3.985 մլրդ դոլար, գրում է «Իզվեստիա» թերթը: Այս գումարը նշված է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի դեմ ներկայացված հայցում, որն իրանական կողմը ներկայացրել է Ժնևի միջնորդ դատարան:
Ռուսաստանը 2010թ.-ին` այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ արգելել էր Իրանին S-300-ի մատակարարումը` ՄԱԿ-ի կողմից իսլամական երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո:
Մոսկվան ու Թեհրանն այս զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին համաձայնագիրը ստորագրել էին 2007թ.-ին: Գործարքի արժեքը 800 մլն դոլար էր: Ինչպես գրում է թերթը, համալիրների մատակարարումը պարբերաբար ուշացել է` տեխնիկական պատճառներով, իսկ 2010թ.-ին ՄԱԿ-ի կողմից Իրանի հանդեպ 1929 բանաձևի ընդունումից հետո, որը սահմանափակում է զենքի մատակարարումներն այս երկրին, դարձել է անհնարին: Հրաժարվելուց հետո, Ռուսաստանն Իրանին է վերադարձրել մոտ 167 մլն դոլար, հայտնում է lenta.ru-ն:
Ժամանակակից Իրանի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովի խոսքով` դատարան ներկայացված հայցում ոչ միայն այս համաձայնագրի, այլև 1996թ.-ից կնքված այլ համաձայնագրերի կատարման վերաբերյալ դժգոհություններ են ներառված:
Նշվում է, որ խորհրդային արտադրության ռազմատեխնիկայի մեծ մասն Իրանը չի կարողանում օգտագործել, քանի որ դրանք նորոգում են պահանջում, նաև չունեն անհրաժեշտ պահեստամասեր: Իրանը գտնում է, որ արտադրողը պարտավոր էր պահեստամասերը նույնպես մատակարարել:
Ըստ թերթի` իրանական կողմն ունի դատը հաղթելու մեծ շանսեր, քանի որ ՄԱԿ-ի պատժամիջոցներն արգելում են միայն հարձակողական սպառազինությունների մատակարարումը, և չի շոշափվում պաշտպանական S-300-ի մատակարարումը դադարեցնելու հարցը:









