Լիբիայի նոր իշխանությունները մտադիր են երկրի օրենսդրության հիմքում շարիաթի կանոնները դնել
Իսլամական շարիաթի օրենքները պետք է Լիբիայի օրենսդրության հիմքը լինեն, կարծում է երկրի կառավարումը ստանձնած Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Սալեհ Դարհուբը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Լիբիայի ժողովուրդը իսլամ է դավանում, և դա է օրենսդրության հիմքը: ԱԱԽ-ն, հաջորդ Հիմնադիր ժողովին` շարիաթը օրենսդրության հիմնական աղբյուր դարձնելու հանձնարարական է տալիս», - ասել է նա:
Պաշտոնյայի կարծիքով, տվյալ հարցը չպետք է հանրաքվեի դրվի:
Դարհուբը շեշտել է, որ հանձնարարականն ընդունվել է, որպեսզի «խաղաղեցվեն երկրի քաղաքացիները, որոնք մտավախություններ ունեն, թե երկրի նոր սահմանադրությունը շարիաթի վրա հիմնված չի լինի»:
«Մենք հանրաքվեից չենք վախենում: Սակայն ցանկանում ենք հանգստացնել հասարակության այն ներկայացուցիչներին, որոնք վախենում են հանրաքվեից», - նշել է նա:
Լիբիայում շաբաթ օրը քվեարկություն պետք է կայանա: Բնակչությունը պետք է ընտրի Հիմնադիր ժողովի 200 պատգամավորներին, որոնք պետք է նշանակեն նոր ժամանակավոր կառավարությունը, ինչպես նաև երկրի նոր սահմանադրության նախագիծը մշակող հանձնաժողով ձևավորեն:









