Մոսկվայում բանակի քեֆն ավարտվել է կովկասցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքով

09:16 • 06.07.12

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Բիտցևսկի այգում այսօր վաղ առավոտյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մոսկվացիների ու կովկասցիների միջև:

 

Ինչպես հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությանը, կռվի ժամանակ կիրառվել է նաև տրավմատիկ ատրճանակ, որի հետևանքով տուժել է 17-20 տարեկան 8 մարդ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են, մեկը գտնվում է ծանր վիճակում:


Ըստ «Ինտերֆաքս»-ի աղբյուրի, սակայն, կռվի հետևանքով տուժել է 6 մարդ: 17-ամյա մի մոսկվացու վիճակը գնահատվում է ծանր: Նա հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում:


Ըստ ոստիկանության նախնական տեղեկությունների` կռվի բոլոր մասնակիցները գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչն «Ինտերֆաքս»-ին պատմել է, որ գիշերը մի խումբ մոսկվացիներ նշել են իրենց ընկերոջ բանակի քեֆը: Ժամը 5.00-ի սահմաններում նրանք դուրս են եկել փողոց, որտեղ էլ նրանց ու հյուսիսկովկասցիների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն էլ վերաճել է ծեծկռտուքի:

Դեպքի հանգամանքները պարզվում են: