Սուրեն Առուստամյանը «Նոր Ալիք-2012» երգի մրցույթին ոչ թե վոկալով կզարմացնի, այլ ընդհանուր կատարմամբ (տեսանյութ)

12:25 • 06.07.12

Հուլիսի 24-29-ին սպասվող «Նոր Ալիք-2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար Հայաստանը ներկայացնող երաժիշտ, երգիչ Սուրեն Առուստամյանը Յուրմալա կմեկնի հուլիսի 14-ին: Մինչ մեկնելը նա այսօր հանդիպեց լրագրողների հետ և խոսեց իր առավելությունից ու սպասվող արդյունքներից:

 

Սուրեն Առուստամյանի խոսքով՝ մրցույթին մասնակցող 16 երկրների ներկայացուցիչներից ինքը տարբերվում է իր ոճով: «Ոճային նմանակ չկա, տարբեր են, ավելի շատ պոպ ժանրի մեջ են: Միակն եմ, որ բլյուզ կերգեմ: Համ էլ նվագող ես եմ միայն լինելու»,- ասաց նա և ներկայացրեց արդեն իսկ նախատեսված երգերը, որոնք կկատարի մրցույթին:

 

«Ամենայն հավանականությամբ միջազգային հիթերի մրցութային օրը կկատարեմ Էրիկ Կլեպտոնի Change The World երգը, իսկ երկրի հիթերի կատարման օրը՝ «Ով սիրուն, սիրուն» հայտնի երգը»,- ասաց Առուստամյանը: Ըստ նրա, միջազգային հիթերի մրցույթային ծրագրի երգերի ընտրությունը մեծ է, խնդիրը միայն հեղինակային երգն է, որն ըստ նրա՝ ընտրվել է, սակայն շատ հավանական է, որ փոփոխվի:

 

Սուրեն Առուստամյանը խոստովանեց, որ հաղթանակի հույսը ինքը վոկալի վրա չի դնում: «Կոնկրետ ինձ վոկալիստ չեմ համարում, ընդհանուր կատարման վրա է իմ «ֆիշկան», իսկ վոկալով չեմ պատրաստվում զարմացնել»,- ասաց նա և ավելացրեց, որ մրցակիցները բավականին ուժեղ են, ինքն էլ՝ լավ տրամադրված: «Ինձ համար կարևորը լավ ելույթն է»,- ասաց նա և հավատացրեց, որ այս պահին ոչ մրցանակային ֆոնդի մասին և ոչ էլ հետագա առաջարկների մասին է մտածում և միմիայն կենտրոնացել եմ ելույթի վրա:

 

«ԱՌՍ» ընկերության և «Արմենիա» հեռուստաընկերության «Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանը նույնպես նշեց, որ, քանի որ երգերի ցանկը պետք է ընտրեն մրցույթի կազմակերպիչները, ուստի հաշվի առնելով, որ հնարավոր է, որ երգերը փոխվեն և ունենալով դրա դառը փորձը՝ մրցույթին իրենց հետ կտանեն նաև իրենց գործիքավորողներին: «Միջազգային երգեր շատ ունենք, «Ով սիրուն, սիրուն» երգն էլ կարծում ենք, կհավանեն, հեղինակայինի հետ կապված կասկած կա»,- ասաց նա և նշեց, որ «ԱՌՍ» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուս հայտնի կոմպոզիտորի հետ, որի անունը նա չմտաբերեց, ով անհրաժեշտության դեպքում երգեր կտրամադրի:


Նա հավատացրեց, որ Սուրենը, որին գիտենք հայաստանյան ելույթներից, Յուրմալայի բեմում ռեալ կտարբերվի:

 

Ի դեպ նա հաստատեց, որ այս տարի Ալլա Պուգաչովան մրցույթին չի մասնակցի, ինչ-որ անձնական պատճառներով: