Ֆրանսիան «հարություն» չի տա Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրենքին

10:00 • 06.07.12

Ֆրանսիայի նոր կառավարությունից երեկ հայտնել են, որ հազիվ թե  «հարություն տրվի» Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքին, հայտնում է Reuters-ը:

Ֆրանսիայի նոր արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նման հայտարարություն է արել պաշտոնական այցով Փարիզում գտնվող իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ: 

Անցած ամիս Թուրքիան հայտնել էր, որ կվերացնի բոլոր պատժամիջոցները, որ սահմանել էր Ֆրանսիայի դեմ, երբ այդ երկրի խորհրդարանի 2 պալատներն ընթացք էին տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ֆրանսիայի Գերագույն դատարանը, ի վերջո, օրենքը խոսքի ազատությունը սահմանափակող էր ճանաչել:

Իր նախընտրական արշավի ժամանակ Օլանդն ասել էր, որ անձամբ նման օրինագիծ կնախաձեռնի և կհետևի դրա ընդունմանը: Սակայն նոր արտգործնախարարն այլ մոտեցում է ցուցաբերում, ինչը Asbarez-ը բնորոշում է «հրաժարում Ցեղասպանության օրենքին հետամուտ լինելուց»՝ հօգուտ Անկարայի, որը, իր հերթին, Եվրոպայի Միությունում հայտնվելու համար նոր ջանքեր է գործադրում:

Այս հարցում ևս Ֆրանսիայի նախագահի և արտաքին գերատեսչության ղեկավարի մոտեցումները հակասական են: Ֆաբիուսն ակնարկել է, թե Թուրքիայի անդամակցության հարցը հանրաքվեի կդրվի: Իսկ Օլանդը, դեռ նախընտրական շրջանում ասել էր. «Դա տեղի չի ունենա առաջիկա 5 տարիների ընթացքում»:

ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է 35 չափանիշերի համապատասխանի, որոնցից 14-ը արգելափակված են մնում, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել հունական Կիպրոսի ինքնիշխանությունը: