Մոնակոյում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ-ի «ԵԱՀԿ. փոփոխությունների տարածաշրջան» նստաշրջանը

11:19 • 06.07.12

Մոնակոյում աշխատանքներն է սկսել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի «ԵԱՀԿ. փոփոխությունների տարածաշրջան» նստաշրջանը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, կառույցի 21-րդ նստաշրջանի հանդիսավոր բացմանը մասնակցել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն, Մոնակոյի Իշխանության պետնախարար Միշել Ռոժեն (կառավարության ղեկավար), ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Էյմոն Գիլմորը:

 

Նիստի ընթացքում ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդարանականները զեկույցներ կլսեն և կընդունեն բանաձևեր երեք հիմնական հանձնաժողովներում` քաղաքական հարցերի ու անվտանգության, տնտեսության ու շրջակա միջավայրի և մարդու իրավունքների:

 

Սպասվում է, որ քաղաքական հարցերի հանձնաժողովում լիտվացի պատգամավոր Վիլիա Աբրամիկիենեի զեկույցում կարող է տեղ գտած լինել ԵԱՀԿ տարածքում չկարգավորված հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության խնդիրը: Հանդիպման արդյունքներով կընդունվի Մոնակոյի հռչակագիր և կկայանան ԵԱՀԿ ԽՎ նոր նախագահի ընտրություններ:

Նիստի աշխատանքներին կմասնակցեն ավելի քան 50 երկրների մոտ 270 պատգամավորներ, այդ թվում ` Արտաշես Գեղամյանի գլխավորած հայկական պատվիրակությունը: