ԱԺ-ում մարդիկ կան, որ Ռուբեն Հայրապետյանից շատ ավելի «պայծառ» դեմքեր են. Զարուհի Փոստանջյան
Հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ Ռուբեն Հայրապետյանի նման անձինք իրապես հրաժարվեն մանդատից և չներկայացնեն մեր հասարակությունը ՀՀ-ի Ազգային ժողովում: Այս հորդորը հասարակությանը ուղղեց այսօր «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Սա պետք է լինի շարունակական բնույթ կրող գործընթաց: Ռուբեն Հայրապետյանը մենակ չէ ԱԺ-ում: Իմ կարծիքով ԱԺ-ում մարդիկ կան, որ Ռուբեն Հայրապետյանից շատ ավելի «պայծառ» դեմքեր են: Հետևաբար` սա ոչ միայն նրա, այլ նաև տասնյակից ավելի մարդկանց է վերաբերում»,-ասաց նա և ավելացրեց, որ այդ մարդիկ Հայաստանի խորհրդարանի հետ կապ չպետք է ունենան:
Զարուհի Փոստանջյանը այն վստահությունը հայտնեց, որ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատից հրաժարվեց հասարակական ընդվզման համատեքստում:
«Առաջին անգամ հասարակության ճնշման ներքո հրաժարական տվեց որևէ պաշտոնյա: Միգուցե այդ որոշումը իրենը չէր, միգուցե իր հայտարարությունը ինքը չի գրել, բայց նա իր ստորագրությունն է դրել դրա տակ: Սա հասարակական պահանջի արդյունք է: Մենք պետք է այնպիսի հասարակություն լինենք, որը պահանջատեր լինի ու կանչի պատասխանատվության յուրաքանչյուրին՝ ոչ միայն մեկին, ոչ միայն մի դեպքով»,- ասաց նա:
Պատգամավորը նաև նշեց, որ պետության ներսում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որին պետք է տրվի ոչ միայն իրավական գնահատական, այլ նաև՝ քաղաքական:
«2001թ-ին քաղաքական գնահատական պետք է տրվեր «Առագաստ» սրճարանում կատարված սպանությանը, որի բռնարարքի խորհրդանիշը այդ ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր: Եթե ժամանակին մեղավորները պատժվեին, միգուցե այսօր այդ դեպքը տեղի չունենար»,-ասաց նա:









