Էջմիածնում «ՎԱԶ 2107»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.30-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 56-ամյա Վահրամ Վարդանյանը, վարելով «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 1020 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 134 հասցեի մոտ դուրս է եկել Էջմիածին–Երևան ավտոճանապարհի աջ հատված և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը մահացել է՝ չնայած նրան, որ նրա մարմնի վրա արտաքին տեսանելի վնասվածքներ չեն եղել:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նշված մեքենան եղել է տաքսի ծառայության մեքենա: Վթարի պահին տաքսում մեջ ուղևոր չի եղել:
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակ աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Յուրա Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:









