Ճապոնիայում նշում են «Տանաբատա»-ն` իրական սիրո տոնը
Ճապոնիայում այսօր նշվում է ավանդական «Տանաբատա» տոնը, որը նաև անվանում են «աստղերի փառատոն», հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:
«Տանաբատա»-ի տոնին, լեգենդի համաձայն, իրական սերն ունակ է հաղթահարել ժամանակ ու հեռավորություն: Այս տոնը չնայած եկել է Չինաստանից հեռավոր 755 թվականին, սակայն ամրապնդվել է Ճապոնիայում ու ստացել մեծ հեղինակություն:
Այսօր ընդունված է ցանկություններ մտապահել, գրել դրանք թղթի վրա և կպցնել բամբուկի ճյուղին: Այնուհետ նման գրությունները «ճամփա» են ընկնում գետով կամ այրվում կեսգիշերին:
Երկրի տարբեր շրջաններում «Տանաբատա»-ն տոնում են տարբեր կերպ. որոշ շրջաններում այս տոնի վրա մեծ ազդեցություն է թողել ազգային մշակույթը, իսկ որոշ տեղերում էլ` չինական ավանդույթները: Ճապոնական քաղաքներում անցկացվում են փառատոներ, փողոցները գունագեղ զարդարվում են:
Հին չինական լեգենդի համաձայն` արքայադուստր Օրիհիմեն գետի ափին տեսնում է գեղեցիկ երիտասարդ Հիկոբոսիին ու սիրահարվում: Սակայն Օրիհիմեի հայրը բաժանում է սիրող սրտերին` թույլատրելով հանդիպել միայն տարին մեկ անգամ` հուլիսի 7-ին:









