Սիրիան ռմբակոծել է Լիբանանը. կան զոհեր և վիրավորներ

17:21 • 07.07.12

Սիրիայի կողմից Լիբանանի ռմբակոծության հետևանքով նվազագույնը 3 մարդ զոհվել, 9-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Լիբանանցիների խոսքով` ռմբակոծության է ենթարկվել Լիբանանի հյուսիսում գտնվող Վադի Հալիդ գյուղը, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութից 185 կմ հեռավորության վրա: Հենց այստեղ են բնակվում Սիրիան լքած փախստականները:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանի տարածքով Սիրիա են ներթափանցում մարտիկներ, ինչպես նաև զենք է մատակարարվում սիրիացի ընդդիմադիրների համար:


Սիրիայում նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների ու կառավարական զորքի միջև բախումները շարունակվում են արդեն մեկ տարուց ավելի: ՄԱԿ-ի տվյալներով` այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 12.000 մարդ` և՛ խաղաղ բնակիչներ, և՛ զինվորականներ, և՛ ընդդիմադիրներ: