Վրաստանում հայերի ազգանուններին ավելացնում են «ի» մասնիկ. պարզաբանում Թբիլիսիից

20:32 • 09.08.12

Վրաստանի հայազգի քաղաքացիներին ազգանուններին «ի» մասնիկի ավելացումը վրացերենի լեզվական առանձնահատկությունն է («Գասպարյանի» «Գասպարյան»–ի փոխարեն), Tert.am –ի հետ զրույցում հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդը՝ անդրադառնալով այսօր հայաստանյան մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, որ Քվեմո-Քարթլի նահանգի հայաբնակ Դամիա գյուղի բնակիչները վերջերս իրենց բաժանորդագրական քարտերում անսպասելի հայտնաբերել են, որ իրենց ազգանուններին ավելացել է վրացական «ի» մասնիկը։

«Իմ ազգս օրինակ՝ «Բայբուրդ» է, կգրվի՝ «Բայբուրդի», Ձեր ազգը՝ «Դաշտենց», կգրվի՝ «Դաշտենցի»: Ու ոչ միայն հայերինը, այլև ադրբեջանցիներինը՝ «Մամեդովի»։ Ամենայն լրջությամբ եմ ասում, որ սա հորինված բան է»,- ասաց Վան Բայբուրդը։
Նրա խոսքով՝ վրացերեն լեզվամտածողությամբ «Վարդանովա» ազգանունն էլ գրվում է «Վարդանով», ինչպես ԱՄՆ-ում:

Այնպես որ, Վրաստանի նախագահի խորհրդականը «ի» մասնիկի ավելացման մեջ որևէ միտում չի տեսնում:
«Ստեղ դեսպանություններ կան, հայկական կազմակերպություններ, նման բաների դեպքում, եթե ինչ-որ վրիպումներ են լինում, նրանք առաջինն են բարձրաձայնում այդ մասին»,- ասաց Վան Բայբուրդը:


Վրաստանում գործող «Վիրք» կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանը այս «ի» մասնակի ավելացման մեջ վրաց իշխանությունների կողմի հստակ և հատուկ քաղաքականություն է տեսնում: Այն է՝ մի կողմից հայերին որպես ազգային փոքրամասնություն ավելացնել և մյուս կողմից՝ ձուլել Հարավային Վրաստանի բնակչությանը:


«Նախ և առաջ, ասեմ, որ եթե Բայբուրդն ասում է «չէ», ուրեմն պետք է հասկանաս «այո»,- Tert.am–ի հետ զրույցում իբրև նախաբան նշեց Դավիթ Ռստակյանը:


Նրա խոսքով՝ այս գործընթացը սկսվել է դեռևս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, ( ասաց՝ նաև խորհրդային տարիներին – Tert.am ), և ջավախահայության շրջանում բողոքի ալիքի արդյունքում վրաց իշխանությունները զգուշացան ու հայերի ազգանվան վերջում «սկսեցին հստակ գրել «յան»»:


«Որովհետև միջազգային նորմ կա, որը արգելում է սա. ազգային փոքրամասնությունների ազգանունները չեն հոլովվում, գրվում են ուղիղ ձևով: Վրացերեն լինի, թե հունարեն կամ չինարեն, դա նշանակություն չունի. պիտի հստակ գրվի այն ազգանունը, որը հնչում է ազգային փոքրամասնության լեզվով: Բայց դե Բայբուրդին դժվար է հասկանալ էդ միջազգային իրավունքը: Բայց ասեմ, որ նաև հասկանալով է անում դա »,-ասաց Դավիթ Ռստակյանը:


Վերջինիս խոսքով՝ վրաց իշխանությունների մարտավարությունը հետևյալն է. եթե հայերը բողոքում են, ապա գրվում է «յան», իսկ եթե ձայն չեն հանում, ապա ավելանում է «ի» վերջավորությունը:


«Եվ արդյունքում օրինակ՝ Վանո Մերաբիշվիլին, Մերաբյան Վանոն, հիմա մարդը ղեկավարում է Վրաստանի կառավարությունը: Նրան գնաս, ասես՝ «դու հայ ես», կարող է սպանի քեզ: Այսինքն՝ եթե բողոքում ես, ստանում ես պրոբլեմատիկա, չես բողոքում, հանգիստ ասիմիլացվում ես, դառնում ես վրացի»,- ասաց «Վիրք» կուսակցության նախագահը՝ հավելելով, որ «ի» մասնակի միջոցով վրաց իշխանությունները ոտնձգություն են կատարում նաև հայկական տեղանունների նկատմամբ, քանի որ կրկին կոպիտ խախտում են միջազգային իրավունքի նույն նորմը:


Օրինակ՝ Մեծ Ցամցար գյուղը, որտեղ ծնվել է Դավիթ Ռստակյանը, (այստեղ են ծնվել նաև գեներալներ Թելման Գդլյանը, Վաղարշակ Հարությունյանը և այլք ), ըստ հայազգի հասարակական-քաղաքական գործչի, կգրվի՝ «Դիդի Ցամցարիի»:
«Մի հատ փոխում են «դիդի» են դարձնում «Մեծը» որովհետև Բայբուրդի բարեկամների լեզվով նշանակում է մեծ, դեռ ավելացնում են այդ «ի»-ն՝ մոռանալով, որ իրենց պետությունն է մեզ մոտ եկել, ոչ թե մենք ենք գնացել սրանց մոտ»,- վրդովված ասաց մեր զրուցակիցը:


Դավիթ Ռստակյանը բերեց Հայաստանին սահմանակից մեկ այլ՝ Ժդանով գյուղի օրինակը, որը հիմա դարձել է «Ժդանովի»: «Էդ գյուղի անունը «ժդանով» է, այ մարդ, «Ժդանովի»–ն ի՞նչ է»,- ասաց նա։