Բողոքի ակցիա «Հարսնաքարի» գործով քննչական մարմնի գործողությունների դեմ (լուսանկարներ)

19:24 • 09.08.12

Այսօր ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել՝ պահանջելով «Հարսնաքարի» գործով զբաղվող նախաքննական մարմնից գործի քննության համար տրամադրված մեկօրյա ժամկետը վերանայել, որպեսզի տուժող կողմն ու փաստաբանները կարողանան ծանոթանալ գործին:


«Հարսնաքարի» գործով փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ հատկացված մեկ օրվա ժամկետը ողջամիտ չէ, և որի ընթացքում իրենք չեն կարող ոչնչի հետ ծանոթանալ։


«Միջնորդել ենք, որպեսզի մեզ հատկացնեն մեկամսյա ժամկետ։ Այս հապճեպությունը և համակարգված գործելաոճը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ կան բացահայտման ենթակա լրջագույն խնդիրներ»,– ասաց Տ. Եգորյանը։


Նա նաև նշեց, որ միջնորդությունը իրենք ուղարկել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին, ՀՀ Ոստիկանապետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, և ՀՀ փաստաբանների պալատի նախագահին:


Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք բժիշկներ, որոնց թվում էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:


Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ այս անգամ թույլ չեն տալու, որպեսզի գործը կոծկվի, և իրական մեղավորները մնան ազատության մեջ:


Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաև ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:


Նշենք, նաև, որ երեկ ավարտվել է գործի նախաքննությունը, և այն ուղարկվել է կողմերին ծանոթանալու համար, որից հետո գործը կուղարկվի դատարան: