Հայաստանի ԱԳ նախարարն այցելել է Նոր Զելանդիա
Օգոստոսի 9-ի երեկոյան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ ժամանել է Նոր Զելանդիա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Օդանավակայանից Էդվարդ Նալբանդյանն ուղևորվել է Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուրեյ Մըքկալիի հետ հանդիպմանը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Մյուրեյ Մըքկալին ասել է. «Դուք մեծ քայլ կատարեցիք ընդունելով իմ հրավերը և, կտրելով այս երկար ճանապարհը, ժամանեցիք Նոր Զելանդիա, ինչը մեր երկրի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդելու՝ Հայաստանի պատրաստակամության վկայությունն է»:
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի համար՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցելությունը Նոր Զելանդիա միտված է նոր որակ հաղորդելու տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը:
Բանակցությունների ընթացքում՝ երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղության կարգով փոխադարձաբար դեսպաններ հավատարմագրելու, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը զարգացնելու ու խորհրդատվություններ անցկացնելու, միմյանց թեկնածություններին աջակցելու վերաբերյալ:
Փոխգործակցության տնտեսական բաղադրիչի քննարկումների ժամանակ որպես համագործակցության հնարավոր ոլորտներ առանձնացվեցին վերականգնվող բարձր տեխնոլոգիաները, էներգետիկան և գյուղատնտեսությունը:
Նախարարներ Նալբանդյանն ու Մըքկալին հանգամանալից զրույց են ունեցել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, պաղեստինյան հիմնախնդրի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր նորզելանդացի գործընկերոջն է ներկայացրել կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը: Այս ենթատեքստում նա կարևորել է Նոր Զելանդիայի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:
Նոր Զելանդիայի ԱԳ նախարարը ներկայացրել է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումները:
Երկխոսությունը շարունակելու և ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի շարունակականությունը ապահովելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը Մյուրեյ Մըքկալիին հրավիրել է այցելել Երևան:
Հայաստանի արտգործնախարարը այցելել է նաև Օքլենդի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թանգարան և ծաղկեպսակ դրեց պատերազմում զոհվածների հուշակոթողին:
Օգոստոսի 10-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Նոր Զելանդիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Լոկվուդ Սմիթին:
Հանդիպման օրակարգում էին երկու երկրների խորհրդարանների միջև կապերի հաստատումը, միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևավորումը:
Լոկվուդ Սմիթը ներկայացրել է Նոր Զելանդիայում տնտեսական աճն ապահոված բարեփոխումների նախապատմությունը և իրականացման ընթացքը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարան, ուր հանդիպում ունեցավ դատարանի նախագահ հայազգի Դամ Շիան Էլիասի հետ:
Ջերմ և անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Նոր Զելանդիայի միջև համագործակցության զարգացման և այդ գործում հայ համայնքի դերակատարության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի այցելության օրակարգում ներառված էր նաև հանդիպում Օքլենդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, Նոր Զելանդիա այցի նպատակներն ու արդյունքները:
Հայ համայնքի հետ քննարկվել է նաև Հայաստան-Նոր Զելանդիա բարեկամական միություն ստեղծելու հնարավորությունը:










