Ռուս դպրոցականի բռնաբարության և սպանության մեջ կասկածվող Ամբարցումովին մեղադրանք է առաջադրվել

14:47 • 10.08.12

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 9-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Վլադիմիր Ամբարցումովին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին տեղեկացրել են ՌԴ Ստավրոպոլի մարզի ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ինչպես տեղեկացնում է vz.ru-ն, ՌԴ Ստավրոպոլի երկրամասի հետաքննական մարմինների կողմից 30-ամյա Վլադիմիր Ամբարցումովին ներկայացվել է մեղադրանք «սպանության», «բռնաբարության» և «սեռական բնույթի բռնության» հատկանիշներով:


Հուլիսի 23-ին Ամբարցումովը փողոցում հանդիպել էր 9-ամյա Աննա Պրոկոպենկոյին, ներկայացել որպես դիմահարդարման պարագաներ արտադրող ընկերության ներկայացուցիչ և առաջարկել էր նրան գումար վաստակել` իր հետ այցելելով գրասենյակ, սակայն երեխային տարել էր անտառ, որտեղ էլ սեռական բնույթի ոտնձգություններ էր կատարել, ինչից հետո խեղդել աղջկան:


Հուլիսի 23-ին տնից դուրս եկած Աննա Պրոկոպենկոի որոնումներով զբաղվում էր 300 մարդ: Հուլիսի 25-ին նրա մարմինը հայտնաբերվել էր Մաշուկ լեռան վրա:

Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են: Ըստ քննիչների՝ նա մի քանի ժամ պահվել էր փակ տարածքում, եռական ոտնձգությունների ենթարկվել, ապա խեղդվել էր և տարվել անտառ: