Արագածոտնում կվերանորոգվի 20 դպրոց

17:03 • 10.08.12

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ ծանոթացել է առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերով մարզի մի շարք կառույցների` հիմնականում դպրոցական շենքերի վերանորոգման ընթացքին:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժնից:


Ծրագրերն ուղղված են մարզերում հրատապ խնդիրների լուծմանը`համայնքային նշանակության շինությունների հիմնանորոգմանը, ճանապարհների վերակառուցմանը, շենքերի տանիքների, օրվա կարգավորիչ ջրամբարների, պոմպակայանների, ոռոգման համակարգերի վերանորոգմանը:


Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով հատկացվել է 2 մլրդ 1մլն 950 հազար դրամ, որով մարզի 114 համայնքներից շուրջ 87%-ում իրականացվել և ընթացքի մեջ է 76 ծրագիր:


Փոխվարչապետն Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Գեղադիր և Վարդենուտ համայնքներ: Երկու համայնքում էլ հրատապ երկրորդ ծրագրով վերանորոգվում են համայնքների դպրոցները, այս նպատակով հատկացվել է համապատասխանաբար 90 մլն եւ 120 մլն դրամ:


Փոխվարչապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են և դպրոցները շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին` հնարավորություն տալով նոր ուսումնական տարին սկսել վերանորոգված և լուսավոր դպրոցներում:


Համայնքների բնակիչները փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են համայնքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես`Գեղադիրում համայնքի բնակիչները Ա. Գևորգյանի մոտ բարձրացրել են խմելու ջրի մատակարարման կարգավորման հարցը:

 

Տեղեկացվել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցել տարածաշրջանի մի շարք համայնքների համար, վերանորոգման աշխատանքներ է կատարել ջրամատակարարման ներքին ցանցում, սակայն աշխատանքները մնացել են անավարտ, և համայնքների ջրամատակարարման խնդիրները դեռեւս չեն լուծվել:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում ընկերության ղեկավարությունը կայցելի տարածաշրջան և մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի` բարձրացված հարցերը քննարկելու և լուծումներ տալու նպատակով:

 

Վարդենուտ համայնքի ղեկավարը ներկայացրել է առաջիկայում համայնքի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված խնդիրներ: Գյուղը գազիֆիկացվելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից` համայնքի համաֆինանսավորմամբ: Աշխատանքների անխափան և արագ կազմակերպման նպատակով փոխվարչապետը համայնքի ղեկավարին առաջարկել է չուշացնել և ժամանակին վճարել համայնքի համար սահմանված համաֆինանսավորումը:

 

Ափնագյուղ համայնքում ևս Ա.Գևորգյանը ծանոթացել է համայնքի դպրոցի վերանորոգման ընթացքին: Դպրոցի շենքի շինաշխատանքների համար գումար է հատկացվել հրատապ երրորդ ծրագրով `35մլն դրամ:Դպրոցում վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել և կավարտվեն հոկտեմբերի վերջին:

 

Փոխվարչապետը հորդորել է աշխատանքներն ավարտել հնարավորինս արագ և կազմակերպել այնպես, որպեսզի սեպտեմբերին չխանգարի ուսումնական գործընթացներին` միաժամանակ կարևորելով որակյալ, անթերի աշխատանքների իրականացումը:

 

Ա.Գևորգյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից է հանրակրթական հաստատությունների վերանորոգումը` ընդգծելով,որ մարզերում ևս պետք է հնարավորություն ստեղծվի կրթություն ստանալ բարեկարգ, ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցներում:

 

Արագածոտնում հրատապ երեք ծրագրերով կվերանորոգվի 20 դպրոց:

 

Փոխվարչապետն աշխատանքային այցի շրջանակում նաև եղավ Սասունիկ համայնքում, որտեղ հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 40 մլն դրամով ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան կիսախարխուլ շենքը:

 

Ա. Գևորգյանին զեկուցվել է, որ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի և կավարտվեն սահմանված ժամկետում:

 

Այցի ընթացքում փոխվարչապետը տեղեկացվել է նաև Ապարան քաղաքով անցնող միջպետական նշանակության ճանապարհի 3 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին, որոնք մեկնարկել են ս.թ. օգոստոսի սկզբին: