Հայազգի հեղինակավոր լրագրողը ներկայացվել է 2 Emmy մրցանակի (տեսանյութ)
Օգոստոսի 11-ին Emmy մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև հայազգի անվանի լրագրող Փիթեր Մուսուրլյանը:
50-ամյա Մուսուրլյանը վաստակաշատ լրագրող է, Բարբենք քաղաքի Burbank Channel հեռուստաալիքում ավագ պրոդյուսեր է: Նա միանգամից 2 Emmy-ի է հավակնում: Մեկը՝ «Բարբենքի հարյուրամյա Վարդատորմիղը» մինի վավերագրական ֆիլմի համար: Մյուսը՝ 10 րոպեանոց «Փրկելով վայրի բնությունը. Կովկասի բնության հիմնադրամ» աշխատանքի:
Երկրորդ ֆիլմը պատմում է Կովկասի բնության հիմնադրամի մասին, այդ թվում՝ Խոսրովի արգելոցի և Դիլիջանի ազգային պարկի: Ֆիլմը Մուսուրլյանը նկարահանել է անցած ամառ Հայաստանում և Վրաստանում: Ֆիլմում նաև հայերեն խոսք է հնչում:
Մուսուրլյանը հուսով է այս անգամ հաղթել, քանի որ մինչև հիմա Emmy չի ստացել, չնայած 6 անգամ առաջադրվել է: Փոխարենը անցած տասնամյանկում Հարավային Կալիֆորնիայի Հեռուստառադիոլուրերի ասոցիացիայի 10 «Ոսկե Մայք» մրցանակի է արժանացել:
Մուսուրլյանը լրագրող է աշխատում 1980-ականներից: Աշխատել է Տեխասում, Մոնտանայում, Վաշինգտոնում, ինչպես նաև՝ Արևելյան Եվրոպայում: Այստեղ իրականացրած իր աշխատանքի համար նաև ՆԱՏՕ-ի մեդալի է արժանացել:
Emmy-ն ամերիկյան ամենահեղինակավոր հեռուստատեսային մրցանակն է, որը հանձնվում է 1949-ից ՝ ԱՄՆ-ի Հեռուստատեսային արվեստների և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից՝ նշանակալի գործադիր բնույթի և ստեղծագործական աշխատանքի համար:
<










