ՀԱԿ ակտիվիստները բողոքի ակցիա անցկացրեցին Գլխավոր դատախազության դիմաց (լուսանկարներ)
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով կատարել իրենց բոլոր հինգ պահանջները։
«Մեր պահանջներն են. առաջին, արդարացնել «Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սագիս Գևորգյանին, և Տիգրան Առաքելյանին: Երկրորդ` պահանջն է, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին»,–դատախազության մոտ հայտարարեց ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները հայտարարել են, որ Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիաներ կկազմակերպեն ամեն ուրբաթ։
Զարուհի Հովհաննիսյանն այնուհետև ասաց, որ իրենց երրորդ պահանջը կատարվել է. են ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գևորգյանի, Վահագն Գևորգյանի և Սահակ Մուրադյանի գործը կարճվել է:
«Չորրորդ պահանջն է, պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն ենթարկած ոստիկաններին, և 5-րդ պահանջն է, պատժել այն ոստիկաններին ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել տղաների վերաբերյալ»,- ավելացրեց նա։
ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցող ակցիայից առանձնացել էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով անցնելով փողոցը կանգնեց ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին:
2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ինչի համար դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Ա. Կարապետյանը խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատապարտվել է 3 տարի, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանը՝ խուլիգանության մեղադրանքով 2 տարի ազատազրկման:










